Անցնել հիմնական բովանդակությանը

Կալերու գիշեր

ՀեղինակԴանիել Վարուժան
Ավելացրել է
Ամարվան քա՜ղցր գիշեր, գլուխը կամին վրա դրած` Աշխատանքի սուրբ Ոգին Կալերուն մեջ կը նընջե: Կը լողա մեծ Լռությունն աստղերուն մեջ ծովացած: Անհունը` բյուր աչքերու թարթափով` զի՛ս կը կանչե: Կ'երգեն, հեռուն, ծըղրիդներ: Ջուրերուն մեջ լըճակին Կ'ըլլա հարսնիք մը ծածուկ նայադներու` այս գիշեր: Սյուքն հուզելով ուռենին ափերուն վրա գետակին` Կ'արթընցընե անծանոթ լարերու վրա նըվագներ: Ծոթրիններու բույրին մեջ, պառկած կատարը դեզին` Ես կը թողում որ սըրտիս դըպչի ամեն մեկ ճաճանչ. Ու կ'արբենամ գինիովն Անհունի մեծ կարասին` Ուր կը ճըմլվին ասուպներ քայլի մը տակ անճանաչ: Հե՜շտ է մըտքիս ընկըղմիլ կապույտին մեջ լուսալիք, Նավաբեկիլ – թե հարկ է – կըրակներուն մեջ վերին. Գըտնել աստղեր նորանոր, կորսըված հի՜ն հայրենիք` Ուրկե ինկած հոգիս դեռ կու լա կարոտն եթերին: Վերանալ քա՜ղցր է ինծի թևերուն վրա լըռության, Լըսել միա՛յն Միջոցին շընչառությունն անխըռով, Մինչև աչքերըս գոցվին քունի մը մեջ դյութական, Ու կոպերուս տակ մընա Անհունը իր աստղերով: Ա՛յսպես, ա՛յսպես կը նընջեն գյուղին մարդիկը ամեն. Հոտաղն է իր սայլին վրա, վերմակին տակ լուսածոր, Հարսն է դեզի կատարին` ծոցը բացված զեփյուռեն` Ուր կը պարպե Հարդգողն իր կաթը սափոր առ սափոր: Եվ այսպես` օր մը պառկած` փողփողումին տակ երկնի, Իմ ծընողներըս մըշակ` զիս հըղացան կաթոգին, Զիս հըղացա՜ն սևեռած իրենց աչքերը բարի Վերն ամենեն մեծ Աստղին, ամենավառ Հըրայրքին:
Դանիել Վարուժան

Կարո՞ղ է այս էջն ավելի լավը լինել

Առաջարկեք ուղղում կամ բարելավում․ մենք կարդում ենք բոլոր հայտերը։

Առաջարկել բարելավում

Հետևեք մեզ

Մնացեք կապի մեջ և ստացեք վերջին թարմացումները

Ստացեք ոգեշնչող նյութեր ամեն օր։

Բաժանորդագրվեք՝ ստանալու աստղագուշակներ, հոդվածներ, մտքեր և նոր թեստեր։

Առանց սպամի։ Կարող եք ցանկացած պահի ապաբաժանորդագրվել։

Կամ հետևեք մեզ սոցիալական ցանցերում

Բանաստեղծություններ

Դիտել բոլորը →

Հոդվածներ

Դիտել բոլորը →

Աֆորիզմներ

Դիտել բոլորը →

Պատկերասրահներ

Դիտել բոլորը →