Հոգեհանգիստ — Միսաք Մեծարենց
Կը թռվըռա զանգակին վանկը թռչուն,
Ոսկի նափորտ հագած շաբաթ իրիկվան
Տիրանըվեր քըղանցքին տակ դողդոջուն,
Ու ծուխին մեջ մըթնշաղին երեկվան:
Անդոհության ալիք մը ներս կը խուժե
Պիրկ հորջանքեն պատուհանիս կիսաբաց.
Հովին ծեծեն, մարդուն քաղցեն խուսափած՝
Թռչնիկ մըն է՝ որ իր ցավը կը գուժե:
Եկքանիկ մը՝ դեղնակիտված, հողմահար
Թևիներով՝ իրիկվան մեջ մոլորուն.
Անծայրածիր իրիկվան մեջ դողահա՛ր՝
Կ’եղբայրանա խուցիս գըթած իրերուն:
Իրիկունս է խունկ ու ցավով միգամած.—
Խնկամանն է ծուխով, թռչնիկն ոգևար:
Հոգիիս մեջ կըզգամ շարժում մը դժվար.
Անդրաշխարհին հակող շարժում մը կամաց:
Նրբանցքին մեջ մայրս աղոթք մը կը հծծե,
Կ’ապրեցընե սիելիներն իր ամեն,
Լույսեու մեջ ընկողմանած՝ մեկնումեն
Վերջ իրիկվան՝ ժպտող, անտես մեկ խուցե:
Թռչնակն հոգին տախտակներուն կը ծեծե,
Ու պատերուն, ու հոգիիս վրդոված.
Թռչնակն՝ հոգին կ’ուղղե անտես մեկ գիծե՝
Անծանոթին մեջ որոնել իր Աստված:
Խունկը ճամբա կ’ուզե անցքին անդրաշխարհ,
Հեք թռչնակին հոգի՜ն կ’ըլլա այդ ճամբան,
Ու թռչնակն ալ կ’ուզեր աննյութ մեկ դամբան,—
Խունկին ծուխը կը պարուրե իր նշխար:
Աներկրային, խաղաղ ձայնը կը լըսե
Մեռածներու հուշքին՝ հոգիս իմ հանգիստ.
Օ՜հ, ես չըկա՜մ իրիկվան մեջ լըռանիստ.
Հոծ իրիկվան մեջ այս երանգ ու լույսե:
Մայրս աղոթքեն վերջ արցունքը կը սրբե.
Խաչանիշմը կ’ըլլա թռչնիկն՝ օրհնական
Այս վայրկյանին՝ զոր կ’արծաթե լուսինկան՝
Կ’ողջագուրե՜ իր ծոցին մեջ սատափե: