Մթնշաղներ

ՀեղինակՄիսաք Մեծարենց
Ավելացրել է

Վերջալոյսի աղջիկն է իր կուսութեան մէջ քրքում.
Ինչո՜ւ մինակ մընացի երազիս հետ թախծագին.
Թմբիներու բոյրին տակ, նուռիներու ծաղիկին՝
Ա՜հ, ինչո՞ւ ես մընացի գիրկն երազին այս տրտում։

Ո՜վ դուն հիրիկ ծաղկանոյշ, երբ անցար հետ լոյսերուն,
Բան մը փլաւ հոգւոյս մէջ քայքայումով ողբագին,
Դարձիր քի՜չ մըն ալ Ժպտէ սա լուսաբաղձ հիւանդին՝
Որ քիչ առ քիչ կը մեռնի՜ կառչած իր խօլ յոյսերուն...։
Մութը կ'իջնէ հոգւո՜յս՝ ուր վաղո՜ւց գիշեր է արդէն.
Ըսպասումի՜ ցայգ՝ ուր դեռ շողաց լո՜յսն երազին.
Հազիւ քիչ մը բոյր ծըծած մոռացումին ես վարդէն
Նորէն քեզի՜ կը դառնամ, ա՜կն արեւիս ոսկեծին։


Լուսնի պայծառ տիւին տակ պիտի համրեմ անդադար,
Բուստէ զարկերն ոգեւոր՝ առոյգ սիրոյ երազին.
Ա՜հ, քիչ մը լո՜յս, Ժըպի՜տ մը՝ որ կեա՜նք ինծի պիտի տար,
Եւ փարատէր լըքումն՝ որ կը ծանրանայ իմ ուսին։
Եկո՜ւր, արդէն կը մըսի՜ն հէգ երազներն իմ որբուկ,
Ա՜լ յոգնած եմ անցնելէն կածաններէ մենաւոր,
Անձրեւ կ'իջնէ հոգւոյս մէջ, կը զգամ մահուան սրսըփուք,

Ձեռքս է պարապ մընացեր դատարկին մէջ սըգաւոր։

Միսաք Մեծարենց

Կարո՞ղ է այս էջն ավելի լավը լինել

Առաջարկեք ուղղում կամ բարելավում․ մենք կարդում ենք բոլոր հայտերը։

Առաջարկել բարելավում

Հետևեք մեզ

Մնացեք կապի մեջ և ստացեք վերջին թարմացումները

Ստացեք ոգեշնչող նյութեր ամեն օր։

Բաժանորդագրվեք՝ ստանալու աստղագուշակներ, հոդվածներ, մտքեր և նոր թեստեր։

Առանց սպամի։ Կարող եք ցանկացած պահի ապաբաժանորդագրվել։

Կամ հետևեք մեզ սոցիալական ցանցերում

Բանաստեղծություններ

Տեսնել Բոլորը →

Աֆորիզմներ

Տեսնել Բոլորը →