Ես իմ անուշ Հայաստանի

ՀեղինակԵղիշե Չարենց
Ավելացրել է

Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման,
Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում։

Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,
Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև,
Ու հնամյա քաղաքների հազարամյա քա՛րն եմ սիրում։
Ո՛ւր էլ լինեմ — չե՛մ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,
Չե՜մ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրքերը մեր,
Ինչքան էլ սո՜ւր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր —
Էլի՛ ես որբ ու արնավառ իմ Հայաստան — յա՛րն եմ սիրում։

Իմ կարոտած սրտի համար ո՛չ մի ուրիշ հեքիաթ չկա․
Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա․
Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա․
Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում։

Եղիշե Չարենց

Կարո՞ղ է այս էջն ավելի լավը լինել

Առաջարկեք ուղղում կամ բարելավում․ մենք կարդում ենք բոլոր հայտերը։

Առաջարկել բարելավում

Հետևեք մեզ

Մնացեք կապի մեջ և ստացեք վերջին թարմացումները

Ստացեք ոգեշնչող նյութեր ամեն օր։

Բաժանորդագրվեք՝ ստանալու աստղագուշակներ, հոդվածներ, մտքեր և նոր թեստեր։

Առանց սպամի։ Կարող եք ցանկացած պահի ապաբաժանորդագրվել։

Կամ հետևեք մեզ սոցիալական ցանցերում

Բանաստեղծություններ

Տեսնել Բոլորը →

Աֆորիզմներ

Տեսնել Բոլորը →