Եթե մեռնե՜լ
ՀեղինակՊարույր Սևակ
Ավելացրել է
Եթե մեռնե՜լ...
Թո՛ղ որ մեռնեմ
Հուր-կայծակից՝
Միանգամի՛ց,
Մի վայրկյանո՛ւմ,
Հանկարծակի՛,
Այնքա՜ն արդար,
Խղճիս ձայնին մի՛շտ ունկնդիր,
Որ՝ համաձայն բիբլիական հին լեգենդին՝
Հանգիստ անցնեմ և ասեղի նեղլիկ ծակից...
Եթե մեռնե՜լ...
Թող սպանվե՛մ,
Թող կործանվե՛մ
Այնպես ապրած և բան արած,
Որ նորածին մանուկների տեսքով նորից
Վերածնվեմ՝
Իմ անունո՛վ կնքեն նրանց...
Եթե գամվել՝
Փարոսի՜ պես,
Արնաքամվել՝
Հերոսի՜ պես,
Ու քրքրվել՝
Դրոշի՜ պես...
Եթե մեռնե՜լ...
Բայց առայժմ ապրե՛լ է պետք:
Պարույր Սևակ