Վերջին տասնամյակների ընթացքում աշխարհը փոխվել է տեխնոլոգիաների էվոլյուցիայի շնորհիվ:
Շատ տարիներ առաջ ինդուստրիալ հասարակարգում գլխավոր տեխնոլոգիան արդյունաբերական սարքավորումներն էին, իսկ մարքեթինգի էությունը հետեւյալն էր՝ ապրանքները վաճառել որոշակի շուկայում առանց սպառողների կարիքներն ու պահանջմունքները հաշվի առնելու:
Սա, ըստ Կոտլերի, Մարքեթինգ 1.0-ի կամ էլ ապրանքակենտրոնացման դարաշրջանն է (product-centric era): Վերջինս իր բնութագիրն է գտել Հենրի Ֆորդի հայտնի արտահայտության մեջ՝ «Յուրաքանչյուր հաճախորդ կարող է իրեն դուր եկած ցանկացած գույնի մեքենա պատվիրել այն պայմանով, որ այդ գույնը սեւն է»:
Այս շրջանում մարքեթինգ էր կոչվում ապրանքը վաճառելու, համոզելու, երբեմն նաեւ խաբելու ունակությունը: Ժամանակակից աշխարհում էական դերակատարություն ունեն տեղեկատվական տեխնոլոգիաները, իսկ մարքեթինգի խնդիրն արդեն այդքան պարզ չէ:
Սպառողները տեղեկացված են, կարող են համեմատել նման ապրանքները, որոշել այս կամ այն ապրանքի օգտակարությունը:
Հետեւաբար մարքեթինգի խնդիրն է սպառողների չբավարարված պահանջմունքների ու ցանկությունների որոնումը: Սա էլ Մարքեթինգ 2.0-ի կամ հաճախորդակենտրոնության դարաշրջանն է (customer-centric era):
Այստեղ գերիշխողը օր օրի զարգացող տեղեկատվական նոր տեխնոլոգիաներն են, որոնք ստեղծում են սպառողների հետ հաղորդակցության նոր ու ժամանակակից ուղիներ, որոնց մասին մի առիթով խոսել է Կոտլերը. «Մարդիկ հետզհետե ավելի զբաղված են դառնում, նրանց գտնելը դժվարանում է: Գնորդներն էլ դառնում են ավելի տեղեկացված ու հասկացող... Մասսայական մարքեթինգի ինքնարժեքն անընդհատ բարձրանում է, իսկ արդյունավետությունը՝ նվազում. ավելի քիչ մարդիկ են ուշադրություն դարձնում հեռուստագովազդին, հեռուստաընկերություններն էլ բարձրացնում են գովազդի գինը: Սա, ի վերջո, կդրդի մարքեթոլոգներին գտնել գովազդի տարածման ավելի արդյունավետ միջոցներ: Գովազդն արդեն հայտնվում է ամենուր՝ մարզական միջոցառումների ժամանակ սպորտային մեքենաների վրա, ֆիլմերում, վերելակներում ու լցակայաններում տեսագրությունների տեսքով, գրքերում:
Զարգանում է բջջային գովազդը:
Վերջերս անցնում էի առեւտրի կենտրոնի կողքով ու բջջայինով տեղեկատվություն ստացա այդտեղ գործող զեղչերի մասին: Նման մարքեթինգն ինձ դուր չի գալիս. այն միջամտություն է իմ անձնական կյանքին, բայց սպառողների հետ կապի այս միջոցը հետզհետե կզարգանա»:
Ըստ Կոտլերի՝ առջեւում Մարքեթինգ 3.0-ի կամ մարդկային մարքեթինգի (human-centric era) դարաշրջանն է: Ահա ապագայի մարքեթինգը: Մարքեթինգ, որը սպառողներին կվերաբերվի ինչպես մարդկանց, ովքեր ակտիվ կենսադիրքորոշում ունեն, ձգտում են ինչ-որ բանի ու ցանկանում են ստեղծագործել: Կգա, այսպես կոչված, «մասնակցության դարաշրջանը», երբ յուրաքանչյուր սպառող կցանկանա մասնակցել ապրանքի ստեղծմանը, կձգտի արտահայտվել, օգտվել հետադարձ կապից:
Նա պե՛տք է ունենա այսպիսի հնարավորություն: Նա կպահանջի ոչ միայն սովորական կարիքների ու պահանջմունքների, այլ նաեւ ամենախորը հույզերի ու ցանկությունների բացահայտում ու բավարարում: Սպառողը կպահանջի իր ստեղծարարության (կրեատիվության) գնահատում:
Մարքեթինգ 3.0. սա է այն տեսությունը, որը համաշխարհային մարքեթինգի գուրու, «Մարքեթինգի վաստակավոր ուսուցիչ» ճանաչված, 100-ից ավելի մարքեթինգային հոդվածների, տասնյակ գրքերի հեղինակ Ֆիլիպ Կոտլերը ներկայացնում է վերջին տարիներին տարբեր երկրներում կայացած ու մոտ ժամանակներս Հայաստանում կայանալիք դասախոսությունների ընթացքում: