Մի անգամ երկու նավարկողներ որոշեցին շուրջերկրյա ճանապարհորդություն կազմակերպել, որ գտնեն իրենց ճակատագիրը: Իրենց նավով հասան մի կղզու, որի ցեղերից մեկի առաջնորդը երկու դուստր ուներ: Մեծ աղջիկը գեղեցկուհի էր, իսկ կրտսերը` ոչ այնքան:
Նավարկողներից մեկը մյուսին ասաց.
-Վերջ, ես գտել եմ երջանկությունս, մնում եմ այստեղ ու կամուսնանամ առաջնորդի դստեր հետ: -Այո, դու ճիշտ ես. առաջնորդի մեծ դուստրը գեղեցկուհի է:Դու ճիշտ որոշում ես կայացրել. ամուսնացիր: -Դու ինձ չհասկացար, ընկերս: Ես ամուսնանում եմ առաջնորդի կրտսեր դստեր հետ: -Խելագարվել ես. նա այնքան էլ լավը չի:
-Դա է իմ որոշումը: Նավարկողը շարունակեց իր ճանապարհը` իր երջանկությունը գտնելու հույսով, իսկ մյուսը գնաց առաջնորդի մոտ: Այդ ցեղում հարսի համար կով էին «վճարում», լավ հարսնացուն տասը կով «արժեր»:
Եվ ահա, բերեց նա առաջնորդի մոտ տասը կով: -Առաջնորդ, ես ցանկություն ունեմ դստերդ հետ ամուսնանալու ու տալիս եմ նրա համար տասը կով: govazd -Լավ ընտրություն է: Իմ մեծ դուստրը գեղցկուհի է, ու նա տասը կովի արժանի է: Ես համաձայն եմ: -Չէ, առաջնորդ, դու լավ չհասկացար: Ես ցանկանում եմ կրտսեր աղջկադ հետ ամուսնանալ:
-Կատակու՞մ ես: Բայց չէ՞ որ նա այդքան էլ լավը չի…
-Ես ուզում եմ հենց նրա հետ ամուսնանալ: -Լավ, բայց որպես ազնիվ մարդ, ես չեմ կարող վերցնել տասը կով. նա այդքանի արժանի չէ: Ես կվերցնեմ երեք կով և ոչ ավելի: -Ոչ, ես ուզում եմ վճարել հենց տասը կով: Եվ այսպես նրանք ամուսնացան: Մի քանի տարի անցավ: Մյուս նավարկողը նորից անցնում էր նույն կղզու մոտով ու որոշեց այցելել իր ընկերոջը, տեսնել, թե ինչպես է: Քայլում էր ափով, երբ նկատեց, որ իրեն է մոտենում անսահման գեղեցկության տեր մի կին:
Նա հարցրեց, թե ինչպես գտնի իր ընկերոջը, և կինը ցույց տվեց: Գալիս է ու տեսնում է ընկերը նստած է, շուրջբոլորը երեխաներ են վազվզում: -Ինչպե՞ս ես ապրում: -Ես շատ երջանիկ եմ: Ներս է մտնում այն նույն գեղեցիկ կինը:
-Ծանոթացիր. նա իմ կինն է: -Ոչ, սա նույն կի՞նն է: -Բայց ինչպե՞ս պատահեց, որ նա այդքան փոխվեց: -Իսկ դու նրանից հարցրու: Նա մոտեցավ կնոջը ու հարցրեց.
-Ներիր անտակտությանս համար, բայց ես հիշում եմ` ինչպիսին էիր դու ...դե ոչ այնքան գեղեցիկ: Ի՞նչ պատահեց, որ դու այսպիսի աննկարագրելի գեղեցիկ դարձար:
-Պարզապես մի օր հասկացա, որ տասը կովի եմ արժանի: Գնահատեք մարդուն ավելին, քան նա այդ պահին թվում է արտաքինից, և նա կդառնա այդպիսին: